Ք.ա. 612 թ. մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և ամենայն դաժանությամբ կործանեցին այն: Այս իրադարձությունները ցնցող ազդեցություն ունեցան Հայոց թագավորի վրա: Նա փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները: Սակայն մարական Կիաքսար թագավորի հրամանով նրա ենթակա պարսից թագավոր Կյուրոսը ժամանեց Հայաստան, որի թագավորը կռիվների մեջ էր երկիր ներխուժած սկյութների կամ խալդայների դեմ: Նա ստիպեց, որ Հայոց թագավորը մարական թագավորին օգնական զորքեր ուղարկի Ասորեստանի դեմ պատրաստվող արշավանքին մասնակցելու համար: Ասորեստանը կործանվեց Ք.ա. 605 թվին.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք.ա. 585 թ. մայիսի 28-ին ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ: Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան: Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:
Երվանդ Սակավակյացի և նրա որդի Տիգրանի օրոք Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը: Այն իր մեջ ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր: Նշանակալից էին թագավորության ռազմական ուժերը: Այն կարող էր մարտադաշտ դուրս բերել 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ մարտիկներ, ինչն այն ժամանակներում մեծ ուժ էր: Արքունի գանձերը կազմում էին ավելի քան 3000 արծաթ տաղանդ: Երվանդ Սակավակյացն ուներ երկու որդի՝ Տիգրան և Շավարշ, որոնցից առաջինին վիճակված էր մեծ դեր խաղալ Հայոց պատմության մեջ: Համահայկական պետությունն առաջացավ օտար նվաճողների, մասնավորապես, նրա նախկին դաշնակից Մարաստանի դեմ մղած պայքարում: Չնայած Կյուրոսի արշավանքին՝ Հայաստանի Երվանդականների թագավորությունը կարողացավ պահպանել իր անկախությունը: Ավելին, նա շուտով հզոր դաշնակից է ձեռք բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, որն ապստամբեց մարական տիրապետության դեմ: