Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը: Նրա գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը: Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն՝ իր ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը: Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու (իմացի՛ր Ուրարտու): Ապստամբած Հայաստանը Դարեհ թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն: Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն: Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ մի պարսիկ: Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը: Պարսից զորավարները որոշակիորեն պարտություն են կրել չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը: Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը: Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը, որի թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական սատրապների:
Հետաքրքիր է, որ Բաբելոնիայում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է հայազգի Արախան: