Հայերը Հոլանդիայում կամ Նիդերլանդներում հաստատվել են XIV-XV դդ.։ Հայ վաճառականները հաստատվում էին հատկապես Ամստերդամում, որը համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոն էր։ Այն Եվրոպայի կայսրուհու համբավ էր ձեռք բերել։
Ամստերդամում XVII դ. սկզբներից հիմնվում են առևտրական տներ, և ձևավորվում է հայկական համայնքը։ Այստեղ որոշ հայ առևտրականներ ունեցել են իրենց սեփական նավերը։ 1653թ. Ամստերդամից դեպի Զմյուռնիա ճանապարհված հինգ նավերից երկուսը հայկական էին։ Այստեղ ևս հայկական գաղթօջախը նշանավորվում է հայկական տպագրությամբ։ Ամստերդամում առաջին հայկական տպարանը հիմնվում է 1660թ.։ Այնտեղ կարճ ժամանակում տպագրվում են բազմաթիվ գրքեր։
Ամստերդամի գաղթօջախը թուլանում և XVIII դ. վերջերից մարում է։