Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հայերը հաստատվել էին դեռևս XI–XII դդ.։ Այստեղ, սակայն, հայ համայնքները ձևավորվում են XIII-XIV դդ.։ Հայերը, նեղվելով մոնղոլներից, Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։ Նրանք հաստատվում և աշխուժացնում են Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի հայ համայնքները։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո գաղթականների նոր ալիք է ուղղվում դեպի այդ երկրներ։ Հայկական գաղթօջախներ են առաջանում Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։ Հայ համայնքներն ստանում են դավանանքի ազատություն և տնտեսական ազատ գործունեության իրավունք։ Դատավարությունը տարվում էր սեփական օրենքներով, լեհահայերի դատաստանագրքով, որը կազմված էր հայկական օրենսդրության հիման վրա։
Այս երկրների հայերի գլխավոր զբաղմունքը նույնպես առևտուրն էր, թեպետև զբաղվում էին նաև արհեստներով ու գյուղատնտեսությամբ։
Հայկական համայնքների մեջ մեծ էր հատկապես Լվովի գաղթօջախի նշանակությունը։ XIV-XVII դդ. Լվովը լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնն էր։ Հայկական մյուս գաղութները հաճախ դիմում էին Լվովի հայոց դատարանին։ Հայերն ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և միջազգային առևտրին։ Նրանք արևելյան երկրներից ներմուծում էին գորգեր, կերպասներ, չոր միրգ, համեմունք և այլ ապրանքներ։ Հունգարիայից, Մոլդովայից բերում էին խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։
Հայերն ակտիվորեն մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին։ Նրանք դիվանագիտական կարևոր ծառայություններ են կատարել, մասնակցել են թուրքական նվաճումների դեմ մղվող պայքարին։ Վիեննայի ճակատամարտում (1683թ.), որտեղ թուրքերը գլխովին ջախջախվեցին, լեհական բանակում կռվում էին նաև հինգ հազար հայեր։
Լեհահայ գաղութներն ապրել են բեղմնավոր կյանքով։ Հայկական բոլոր համայնքներում կային դպրոցներ։ XVII դ. սկզբին Լվովում հիմնվում է հայկական տպարան։ Զարգանում են մշակույթի մյուս ճյուղերը, այդ թվում և ճարտարապետությունը։ Լվովում կառուցված հայկական տաճարը (1363թ.) մինչև այժմ կանգուն է։ Տեղի հայերին հարկադրաբար կաթոլիկ դարձնելու և տրված արտոնությունները վերացնելու պատճառով հայ գաղթօջախներն անկում ապրեցին։