Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։ Դատավարությունը կատարվում էր ազգային ավանդույթներով։ Հայկական դատարանը գլխավորում էր քաղաքագլուխը։
Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաբային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։
XVIIդ. կեսերից Մոլդովայից հայերն սկսում են հաստատվել Տրանսիլվանիայում, որտեղ հայկական համայնքներ կային դեռևս XIV-XV դարերից։