Հայաստանը ուշ միջնադարումԱրվեստ և գիտությունԱրվեստ

Արվեստ

Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն իր կնիքն էր թողնում նաև արվեստի զարգացման վրա։ Չնայած աննպաստ պայմաններին, արվեստի որոշ բնագավառներ շարունակում էին զարգանալ։ Հաջողություններն ակնառու էին հատկապես ձեռագիր մատյանների նկարչական ձևավորման (մանրանկարչության) բնագավառում։ Մանրանկարներում պատկերվում էին կրոնական ու աշխարհիկ կյանքից վերցված դրվագներ։ Առավել սիրված թեմաներից էին Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, ավետարանիչների և աստվածաշնչյան այլ թեմաներն ու պատկերները։ Պատկերում էին նաև հայոց եկեղեցու անցյալի նշանավոր գործիչներին՝ Գրիգոր Լուսավորիչ, Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ։ XVI դ. ձեռագրերում հանդիպում են նաև Ավարայրի ճակատամարտը պատկերող նկարներ, որոնց միջոցով հայ նկարիչները փորձում էին կենդանի պահել հայ ժողովրդի ազատասիրական ոգին։ Հայ մանրանկարիչներից նշանավոր էին Հակոբ Ջուղայեցին, Ավագը, Մինասը և ուրիշներ։ XV-XVII դդ. առավել հայտնի էին Վասպուրականի, Կարինի, Նոր Ջուղայի և Ղրիմի մանրանկարչական դպրոցները։

Մեծ զարգացում էր ապրում նաև կիրառական արվեստը, հատկապես՝ գորգագործությունը։ Հայկական գորգերն արտահանվում էին շատ երկրներ և մեծ հռչակ ունեին։ Ուշագրավ էին հատկապես հայկական վիշապագորգերը։ Հայկական գաղթօջախներում հայտնի էին բարձրարվեստ ոսկերչությունն ու նկարչությունը։ Արվեստի նշանավոր գործ է Նոր Ջուղայից ռուսաց թագավոր Ալեքսեյ Միխայլովիչին նվիրած Ալմաստակուռ գահը։ Նոր Ջուղայի հայ արվեստագետներից Բոգդան (Աստվածատուր) Սալթանովը, որը, 1666թ. հաստատվելով Մոսկվայում, աշխատում էր Զինապալատում և մեծ դեր կատարեց ռուսական արվեստի զարգացման գործում։

XVI դ. շարունակում է զարգանալ խաչքարային արվեստը։ Խաչքարերը տեղադրում էին որպես տապանաքար՝ հիշատակի համար։ Այդպիսիք շատ են Նորատուսի և Հին Ջուղայի գերեզմանատներում։ Հայ խոջաները Ջուղայի գերեզմանատանը կանգնեցրել էին ավելի քան 10 հազար գեղեցիկ և ճոխ քանդակներով խաչքարեր և խոյանման տապանաքարեր։

Այժմ Հայաստանի պատմության պետական թանգարանում է պահվում Սևանի Առաքելոց եկեղեցու համար 1486թ. պատրաստված դուռը, որը փայտի փորագրության արվեստի գլուխգործոց է։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ