Հայաստանը ուշ միջնադարումԱրվեստ և գիտությունԳիտություն

Գիտություն

XV-XVII դդ. գիտությունը զարգանում էր վանքերին կից դպրոցներում։ Նշված շրջանում իրենց գործունեությամբ խոր հետք են թողել մի շարք հայ տոմարագետներ, պատմաբաններ և բժշկագետներ։

Գիտական մեծ վաստակ է ունեցել Հակոբ Ղրիմեցին։ Նրա «Մեկնություն տոմարի» և «Բնության մասին» աշխատությունները երկար ժամանակ որպես ուսումնական ձեռնարկներ օգտագործվել են հայկական դպրոցներում։

Միջնադարյան հայ բնագիտական մտքի նշանավոր ներկայացուցիչներից էր բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիացին։ Նա մեծ համբավ ուներ որպես բուժող բժիշկ և եղել է թուրքական սուլթանի անձնական բժիշկը։ Իր աշխատություններում նկարագրել է իր օգտագործած բոլոր դեղանյութերի և բույսերի հատկությունները։ Նա գրել է ժամանակի խոսակցական լեզվով, որպեսզի հասկանալի լինի բոլորին։

Որոշակի աշխատանքներ կատարվեցին պատմագիտության բնագավառում։ XIV դ. վերջի և XV դ. առաջին կեսի իրադարձությունները նկարագրել է Թովմա Մեծոփեցի պատմիչը։ Նրա աշխատությունը Լենկթեմուրի արշավանքների, Հայաստանի և հարևան երկրների XV դ. պատմության շատ կարևոր աղբյուր է։ Նա եղել է իր նկարագրած իրադարձությունների ժամանակակիցն ու ականատեսը։

XVII դ. գրված պատմական աշխատությունների մեջ կարևոր տեղ ունի Առաքել Դավրիժեցու «Պատմությունը»։ Դավրիժեցին նկարագրել է XVII դ. առաջին կեսի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական պատմությունը, հայկական գաղութներում տիրող իրավիճակը և այլն։

XVII դ. աչքի ընկնող պատմագիրներից էր Զաքարիա Քանաքեռցին։ Նա իր «Պատմության» մեջ նկարագրել է ոչ միայն իր տեսած ու լսած դեպքերն ու իրադարձությունները, այլև հայ ժողովրդի նախորդ շրջանի համառոտ պատմությունը՝ սկսած Արշակունիների թագավորության հաստատումից։

Հայոց պատմագիտությանը մեծ նպաստ է բերել նշանավոր գիտնական Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը։ Նա գրել է պատմագիտական ու աշխարհագրական շատ ստեղծագործություններ, ինչպես նաև կազմել է հայկական վանքերի քարտեզը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ