Պարսկաստանում առաջացած քաղաքական խառնաշփոթությունից օգտվելով՝ լեռնային լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը: Այդ հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում էին: Ոգևորված ռուսական վերահաս արշավանքի լուրերով՝ Արցախի հայ բնակչությունը տրամադրված էր, զինական օգնություն ստանալու դեպքում, լիովին թոթափել օտարի լուծը: Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ տեղափոխվեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետները: Արցախահայության պայքարի ոգեշնչողն ու մելիքություններն իրար հետ միավորողը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արցախում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ, որոնցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շոշի (Շուշի), Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները: Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական մարտեր: Դա կարևոր հանգամանք էր հայկական պետականության կորստից հետո ընկած երկար ժամանակաշրջանի համար: