Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումՔաղաքական դրությունը անդրկովկասումՌուսական զորքերի 1722թ. Կասպիական արշավանքը

Ռուսական զորքերի 1722թ. Կասպիական արշավանքը

Դեռևս Հյուսիսային պատերազմի ընթացքում Պետրոս I-ը ուշադիր հետևում էր Պարսկաստանում և Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: 1715թ. նա նոր դեսպանություն ուղարկեց Պարսկաստան՝ Ա. Վոլինսկու գլխավորությամբ: Նրան հանձնարարված էր հանգամանորեն ուսումնասիրել երկրում տիրող դրությունը և տեղեկություններ հավաքել Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների մասին:

Հայ ժողովրդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Հայաստան ուղարկվեց Ռուսաստանում Իսրայել Օրու գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանը:

XVIII դարի առաջին երկու տասնամյակներին Պարսկաստանում դրությունը շարունակում էր վատթարանալ: Պարսկական լծի տակ գտնվող ժողովուրդները, այդ թվում և հայերը, հարմար առիթի էին սպասում թոթափելու պարսից տիրապետությունը: Զենքի ուժով նրանց հնազանդ պահելու փորձերն այլևս հաջողություն չէին ունենում: Պարսկական տիրապետության դեմ առավել եռանդուն էին գործում աֆղանները, որոնց հաջողվեց 1722թ. պաշարել և գրավել երկրի մայրաքաղաք Սպահանը:

Հյուսիսային պատերազմի ավարտից անմիջապես հետո Պետրոս I-ը ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը: Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը 1722թ. արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս: Դերբենտը գրավելուց հետո Պետրոս I-ը, սակայն, անակնկալ վերադառնում է Աստրախան՝ զորքերի առաջխաղացումը դեպի Կասպից ծովի հարավային ափերը հետաձգելով հաջորդ տարվան:

Պարսկաստանում սկսված խառնակությունների ժամանակ Վրաստանի ազատագրման նպատակով ապստամբության նախապատրաստություններ էր տեսնում վրաց թագավոր Վախթանգ 6-րդը: Նա բանակցություններ էր վարում Պետրոս I-ի հետ՝ Ռուսաստանից օժանդակություն ստանալու համար: Պետրոս I-ը նրան տեղեկացրել էր ռուսական զորքերի Անդրկովկաս արշավելու մասին և խոստացել օգնել Վրաստանին: Վախթանգ 6-րդը, իր հերթին, այդ ամենի մասին հայտնել էր Արցախի հայ ազատագրական ուժերին և առաջարկել համատեղ հանդես գալ պարսից լծի դեմ:

Հայ ազատագրական պայքարի առաջնորդները ստեղծված պայմաններում չէին կարող անտարբեր մնալ: Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ Բեկը: Արցախում մելիքների կողմից հավաքվել էր ավելի քան տասներկուհազարանոց զորք: Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կոչով մոտ 10 հազար միացյալ զորաբանակով մելիքներն ու զորահրամանատարները գնացին Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրը: Նրանք Վախթանգ 6-րդի բանակի հետ սպասելու էին Պետրոս I-ի զորքերի ժամանելուն:

Մոտ երկու ամիս սպասելուց հետո, 1722թ. աշնանը, լուր ստացվեց Պետրոս I-ի Դերբենտից վերադառնալու և արշավանքը հետաձգելու մասին: Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս: Հայկական ուժերը, տուն դառնալով, ձեռնամուխ եղան Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ