Պարսկական պետության թուլացումը, ռուսների Անդրկովկաս արշավելը և աֆղանների կողմից Սպահանի գրավումը հարմար առիթ էին Պարսկաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի համար: Նա անմիջապես ձեռնամուխ եղավ նվաճելու Պարսկաստանի արևմտյան նահանգներն ու Անդրկովկասը: Թուրքիան անհանգստացած էր նաև ազատագրական պայքարի ծավալմամբ և նպատակ ուներ ճնշելու հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժումները: Միաժամանակ նա ձգտում էր խոչընդոտել Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և այդ տարածքները նրա տիրապետության տակ անցնելուն:
1723թ. հունիսին թուրքական բանակը ներխուժում է Թիֆլիս, գրավում քաղաքը և շարժվում դեպի Գանձակ: Վախթանգ 6-րդը հեռանում է Թիֆլիսից և այնուհետև մեծ շքախմբով Վրաստանից անցնում է Ռուսաստան:
Հաջորդ տարի Էրզրումում (Կարինում) կազմավորվում է թուրքական նոր բանակ՝ Արևելյան Հայաստանի և Ատրպատականի վրա արշավելու համար:
Այսրկովկասի ու Պարսկաստանի համար պայքարի ելած Ռուսաստանի ու Թուրքիայի միջև մրցակցությունը կարող էր վերաճել ռուս-թուրքական նոր պատերազմի: Դրանից երկուստեք փորձում են խուսափել: Երկար բանակցություններից հետո Նրանք ի վերջո, 1724թ. հունիսի 12-ին, Կ.Պոլսում կնքում են պայմանագիր, որը պետք է կարգավորեր նրանց հարաբերությունները:
Այդ պայմանագրի համաձայն Թուրքիան ճանաչել էր մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին, իսկ ռուսական կողմը Թուրքիայի տնօրինությանն էր թողել Շամախիից արևմուտք ընկած երկրամասերը: Ռուսական հրամանատարությունը այդ պայմանագրից հետո այլևս չէր կարող օգնության գալ հայ ազատագրական ուժերին: Պայմանագրի կնքումը ավելի ազատեց Թուրքիայի ձեռքերը՝ Այսրկովկասում լայնաճակատ հարձակման անցնելու համար: