Սյունիքում և Արցախում Իսրայել Օրու ժամանակներից նկատվող ազատագրական ձգտումները 1720-ական թվականներին վերածվեցին ազատագրական լայն շարժման: Սյունիքում հայ ազատագրական ուժերը, սակայն, անհրաժեշտ չափով համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները հզոր էին: Այդ անհավասարակշռությունը հաղթահարելու, վրաց ազատագրական ուժերի հետ կապեր հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան է մեկնում հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը: Նրա խնդրանքով Վախթանգ Vl-ի ուղարկած հայ զորավարները Դավիթ Բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք: Նրանք հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի զինված ուժերը: Դավիթ Բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ: Նա աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքերի սպարապետ, իսկ առանձին զորաջոկատների հրամանատարներ դարձան Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:
Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ 1722թ. աշնանը ջևանշիր կոչվող քոչվոր ցեղի դեմ: Այդ հաղթանակը մեծացրեց Դավիթ Բեկի հեղինակությունը: Հատկապես կարևոր էր մահմեդականություն ընդունած մելիք Բաղրին պատկանող՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը: Դավիթ Բեկը մելիք Բաղրին ձերբակալելով՝ բերում է Շնհեր և հրամայում տասներկու օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձր ձայնով ասել. «Լո՛ւյս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»: Այնուհետև Դավիթ Բեկը հրամայում է կտրել նրա գլուխը, իսկ ինքը գալիս և բնակվում է Տաթևում: Սյունիքի ազատագրական շարժման դեմ հանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին շրջակա մահմեդական տիրակալները: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ, որտեղ հայ զորականները վճռական հաղթանակ տարան: