Կապանում շուրջ մեկ տարվա հաջող պայքարից հետո երկրամասը հիմնականում ազատագրվեց օտար տիրապետությունից: Այնտեղ Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն: Հայկական ուժերի կենտրոնատեղի դարձավ Դավիթ Բեկի կողմից ամրացված Հալիձորի բերդը:
Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը՝ ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը:
Հաջորդ կարևոր հենակետը Որոտան բերդն էր, որի գրավման համար հայկական զորքերը մեծ ջանքեր էին գործադրել: Հակառակորդին հաջողվել էր հետ մղել հայկական զորքերի չորս գրոհները: Հերթական գրոհի ժամանակ հայերին հաջողվում է անցք փորել պատի մեջ և, ներթափանցելով բերդ, գրավել այն:
Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726թ. նրանք փորձում են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան բանակներին միացան նաև շրջակա մահմեդական տիրակալների զորքերը: Վերջիններիս հաջողվեց գրավել մի շարք հայկական բնակավայրեր:
Դավիթ Բեկը ստիպված էր իր զորքերով ամրանալ Հալիձորի բերդում: 1727թ. մարտին թուրքերը պաշարեցին Հալիձորը: Հայկական ուժերին հաջողվում էր հետ մղել թշնամու համառ գրոհները: Հակառակորդը կրկին ծավալուն գրոհ կազմակերպեց պաշարման մեջ գտնվող Հալիձորի վրա: Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին, փորձեցին բարձրանալ պարիսպների վրա: Պաշարված հայ ռազմիկները մեծ քանակությամբ թուրքական զինվորների ցած գլորեցին պարիսպներից: Բերդի հրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնել հակահարձակման: Մխիթարն ու Տեր-Ավետիսը դիմեցին հայ զինվորներին. «Արիացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Նրանց հետևեցին երեք հարյուր զինվածներ: Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի: Այդ օրն օսմանցիների բանակից ընկավ տասներեք հազար զինվոր, իսկ հայ զինվորներից՝ շատ քչերը: Թշնամուց խլվեց հարյուր քառասունութ դրոշ և նրանց բանակի ամբողջ կողոպուտն ու ունեցվածքը:
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներից ամենախոշորն ու նշանավորն էր: Բարձրացավ հայկական զորքերի մարտական ոգին, նրանք սկսեցին Կապանն արագորեն մաքրել թուրքական զորքերից: Օսմանյան բանակը, նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում: Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան Մեղրիի վրա: Մեղրեցիներից բաղկացած մի ջոկատի հաջողվեց աննկատ թափանցել Մեղրի: Այն ժամանակ, երբ թուրքերը շարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա: Անակնկալի գալով՝ թուրքերը շարժվում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը: Թուրքերը նախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան: Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ: