Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումԳիտություն: Գրականություն: ԱրվեստԳիտություն

Գիտություն

Հայոց գիտության պատմության համար մեծ արժեք ունի 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների ջանքերով կազմված և տպագրված «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտեզը: Քարտեզագրության ինքնատիպ ու եզակի նմուշ է Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի կազմած Հայաստանի քարտեզը: Գիտագործնական նպատակներ են հետամտել նաև մաթեմատիկայի բնագավառի ուսումնասիրությունները: 1675թ. Մարսելում լույս է ընծայվում գերմանացի մաթեմատիկոս Ք. Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» աշխատության հայերեն թարգմանությունը: Մաթեմատիկական գիտության զարգացման համար կարևոր ձեռնարկում էր XVII դարի սկզբներին Եվկլիդեսի «Երկրաչափության» հայերեն նոր թարգմանությունը:

Հայ մշակույթի զարգացման ասպարեզում մեծ է Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը: Հայ տպագրության մեջ ևս վիթխարի է Մխիթար Սեբաստացու և նրա հիմնած Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: XVIII դ. առաջին կեսին հրատարակվեցին Մխիթար Սեբաստացու կազմած «Դուռն քերականութեան Աշխարհաբար լեզուին Հայոց», որը կազմված էր թուրքախոս դարձած հայերին կրկին հայոց լեզուն հասու դարձնելու համար: Ապա լույս տեսան «Քերականութիւն գրաբարի լեզուի Հայկազեան սեռի», «Բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունները, «Համատարած Աշխարհացոյց» քարտեզը և այլ երկեր:

XVII դարի երկրորդ կեսից զարգացում ապրեց նաև հայոց պատմագրությունը: Պատմիչներից նշանավոր էր Առաքել Դավրիժեցին, որի հեղինակած «Պատմությունը» իր ժամանակաշրջանի կարևորագույն աղբյուրներից է: Նույն դարի երկրորդ կեսին են ստեղծագործել Զաքարիա Քանաքեռցին, Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը, որոնց պատմագիտական աշխատություններում լուսաբանվել են ոչ միայն բուն Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության մեջ ու Պարսկաստանում տեղի ունեցած իրադարձությունները: XVIII դարում ստեղծված կարևոր պատմագիտական երկերից են Եսայի Հասան-Ջալալյանի «Համառոտ պատմություն Աղվանից», Աբրահամ Երևանցու «Պատմություն պատերազմաց», Ստեփանոս Շահումյանի «Պատմութիւն Դավիթ-բեկին» և այլ աշխատություններ:

Հայ իրականության համար դարակազմիկ նշանակություն ունեցավ Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» եռահատոր աշխատությունը (1784-1786): Այն ոչ միայն առաջին անգամ ամբողջական պատկերացում էր տալիս հայ ժողովրդի անցած ուղու մասին, այլև օգտագործել է մինչ այդ անհայտ շատ սկզբնաղբյուրներ: Չամչյանի աշխատությունը հայ ժողովրդի զավակներին հաղորդում էր արժանապատվություն ու ազգային ինքնագիտակցության հզոր լիցք: Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց»-ը մեծապես նպաստել է հայ պատմագիտական մտքի զարգացմանը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ