Ռումինիայի կազմում գտնվող Մոլդովայում, Վալաքիայում և ուրիշ երկրամասերում հնից եկող հայկական համայնքները թուլացել էին։ 18-րդ դարում հայերի թիվը հազիվ հասնում էր 7-8 հազարի։
Մոլդովայի գաղութն ուներ որոշ ինքնավարություն։ Այն ղեկավարվում էր 5 հոգուց բաղկացած թաղական խորհրդի կամ հոգաբարձության կողմից։
19-րդ դարի կեսերին Մոլդովան և Վալաքիան միավորվեցին ռումինական պետության մեջ։ Դա հայության գոյատևման համար նպաստավոր պայմաններ ստեղծեց։ Հայերին իրավունք վերապահվեց կալվածքներ ունենալ, ազնվականական տիտղոսներ ստանալ, մասնակցել քաղաքական կյանքին։ Այդ նույն դարի սկզբներին հայտնի էր ռուսական կողմնորոշման ջատագով, դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի գործունեությունը։
Հայերը շարունակում էին բնակվել հիմնականում Բուխարեստում, Ֆոկշանում, Յաշում և այլ քաղաքներում։ Նրանց զգալի մասը արհեստավորներ և առևտրականներ էին։
Ռումինահայերը նույնպես կապված են եղել Հայաստանի հետ։ 1880թ. Հայաստանում սկսված սովի ժամանակ նրանք օգնություն կազմակերպեցին հայրենակիցներին։ Նույնպիսի վերաբերմունք ունեցան նաև 1895-1896 թթ. և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականների նկատմամբ։ Նրանք ծառայում էին ինչպես իրենց ապաստանած երկրին, այնպես էլ մայր հայրենիքին։ «Ռումինիայի հայերը, – գրում է ռումին գիտնական, ակադեմիկոս Նիկոլա Յորգան, – կարողացան մեծ հմտությամբ զուգակցել երկու դժվարին և նրբին պարտականություններ՝ մեկը՝ հավատարմությունը դեպի իրենց հայրենի ավանդույթներն ու իրենց ազգությունը, որը բնավ մոռացած չեն, և մյուսը՝ դեպի այն երկիրը, ուր իրենց նախնիները հաստատվել են շատ հին ժամանակներից ի վեր։ Մեզ համար նրանք եղբայրներ են, ազնիվ եղբայրներ, միաժամանակ մնալով իրենց հնագույն հայրենիքի ընտրյալ որդիները»։
Այս գնահատականը կարելի է տարածել նաև մյուս երկրներում ապաստան գտած հայության վրա։
Ռումինահայ շատ գործիչներ ակտիվ մասնակցել են նաև երկրի մշակութային ու գիտական կյանքին, դարձել երկրի նշանավոր գործիչներ։
19-րդ դարի սկզբներից բացվում են դպրոցներ, ապա տպարան, մշակութային կազմակերպություններ։ 20-րդ դարի սկզբներին հրատարակվում են թերթեր, ամսագրեր։