Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։
Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։
Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։
Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։