Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներինՀայկական ԽՍՀ-ն` միութենական հանրապետությունՀայկական ԽՍՀ նոր սահմանադրության ընդունումը

Հայկական ԽՍՀ նոր սահմանադրության ընդունումը

1930-ական թվականների կեսերին կոմունիստական կուսակցության ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ երկրում տեղի են ունեցել այնպիսի արմատական տեղաշարժեր, որոնք պետք է իրենց արտահայտությունը գտնեն ԽՍՀՄ սահմանադրությունում։

Նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման արդյունքներն ամփոփելու համար 1936թ. նոյեմբերին հրավիրվեց ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը, որը դեկտեմբերի 5-ին ընդունեց այն։

ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հռչակեց «սոցիալիզմի հաղթանակը»՝ որպես երկրի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունների հանրագումար։

ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որպես նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստական, մասնավոր, փակ բնատնտեսային) վերացման արդյունք։

Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ իշխող էր մնում վարչահրամայական համակարգը։

ԽՍՀՄ նոր սահմանադրության համաձայն Անդրկովկասյան Դւսշնությունը, որը կատարել էր իր պատմական դերը, վերացվեց։ Հայկական, Վրացական ու Ադրբեջանական հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։ ԽՍՀՄ սահմանադրության հիման վրա մշակվեցին և ընդունվեցին միութենական բոլոր 11 հանրապետությունների սահմանադրությունները։ Ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը մշակելու համար։ Այն, համաժողովրդական քննարկման դրվելուց հետո, ընդունվեց 1937թ. մարտին։ Սահմանադրությունն ամրագրեց «Հայաստանի սոցիալիստական պետության» կայացումը։ Բարձրագույն իշխանությունը կոչվեց Գերագույն խորհուրդ։ Սահմանվեց նոր ժողովրդավարական ընտրական համակարգ։ Ոչ հավասար, բազմաստիճան և բաց ընտրությունների սկզբունքը փոխարինվեց համընդհանուր, հավասար և փակ ընտրություններով։

Նոր օրենքով 1937թ. դեկտեմբերի 12-ին կայացան բարձրագույն իշխանության՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (Միության և Ազգությունների պալատներից բաղկացած) ընտրությունները։ Հայկական ԽՍՀ-ից ընտրվեց 4 պատգամավոր (ըստ իր բնակչության թվի) Միության պալատի և 25 պատգամավոր (որպես միութենական հանրապետություն)՝ Ազգությունների պալատի համար։

1938թ. հունիսի 12-ին տեղի ունեցան Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ ժողկոմխորհի նախագահ՝ Արամ Փիրուզյանը։ Մինչ այդ, 1937թ., ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար էր ընտրվել Գրիգոր Հարությունյանը (1900–1957թթ.), որը մեծ ավանդ ունի հանրապետության տնտեսության ու գիտամշակութային կյանքի զարգացման գործում։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ