Խորհրդային երկրի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացումն ընթանում էր միջազգային բարդ ու լարված իրադրության պայմաններում։ Սրվում էին հակասությունները կապիտալիստական երկրների, ինչպես նաև կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև։ 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ համատեղ պայքարելու, պատերազմը կանխելու նպատակով տեղի ունեցած բանակցություններում համաձայնություն չկայացավ ԽՍՀՄ-ի և արևմտյան տերությունների (Անգլիա, Ֆրանսիա) միջև։
Գերմանիան միաժամանակ գաղտնի բանակցություններ էր վարում և՛ արևմտյան պետությունների, և՛ ԽԱՀՄ-ի հետ։ 1939թ. օգոստոսին հիտլերյան Գերմանիայի և ԽԱՀՄ-ի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։ Նույն թվականի սեպտեմբերին երկու պետությունների միջև ստորագրվեց բարեկամության մասին գաղտնի պայմանագիր։ Շուտով Լատվիան, Լիտվան, Էստոնիան կորցրին իրենց անկախությունը, դարձան խորհրդային և մտցվեցին ԽԱՀՄ կազմի մեջ։ Լեհաստանը, որպես պետություն, փաստորեն վերացավ։ Նրա արևմտյան մասը գրավվեց գերմանական զորքերի, իսկ արևելյանը (Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան)՝ Կարմիր բանակի կողմից։ ԽՍՀՄ-ը Ռումինիայից հետ վերցրեց Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ 1939–1940թթ. ձմռանն ընթացավ խորհրդա-ֆիննական պատերազմը, որը հրահրվել էր Կարմիր բանակի կողմից՝ իբրև Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշտպանությունն ապահովելու միջոց։ Պատերազմին մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակներ։ Եղան զոհեր, իսկ չորս հայեր արժանացան բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման։
Այս իրադարձությունների հետևանքով արևմտյան սահմանը երկրի կենսական կենտրոններից զգալիորեն հեռացվեց դեպի արևմուտք։ Ղեկավարությունը ձգտում էր կանխել կամ ձգձգել ֆաշիստական հնարավոր հարձակումը։ ԽՍՀՄ-ը ժամանակ էր շահում պատերազմին պատրաստվելու համար։