Հայաստանում զարգանում էին ինչպես հասարակական, այնպես էլ բնական գիտությունները։ Պատմաբաններից շարունակում էին ստեղծագործել Հ. Օրբելին, Լեոն (Առաքել Բաբախանյան), Հակոբ Մանանդյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աշխարհաբեկ Քալանթարը և ուրիշներ։ Նրանք գիտական արժեքավոր աշխատություններ ստեղծեցին հայոց պատմության վերաբերյալ։ Այդ ուսումնասիրությունները իրենց գիտական արժեքը պահպանում են մինչև այժմ։
Լեզվագիտության ու գրականագիտության գծով Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփանոս Մալխասյանը, Արսեն Տերտերյանը և շատ ուրիշներ գիտական-ստեղծագործական բեղուն գործունեություն էին ծավալել։
Բնական գիտությունների զարգացումը կապվում էր ինդուստրացման խնդիրների լուծման հետ։ Լևոն Ռոտինյանի և Ստեփան Ղամբարյանի ղեկավարությամբ գիտական աշխատանքներ էին կատարվում քիմիական արդյունաբերության բնագավառում։ Ջրատեխնիկայի և ջրաէներգետիկայի տեսական ու կիրառական հարցերի լուծումը կապված է Հովսեփ Տեր-Աստվածատրյանի անվան հետ։ Նա առաջատար դեր է խաղացել Շիրակի ջրանցքի, մի շարք հէկերի, նաև Սևանա լճի ջրօգտագործման նախագծի պատրաստման գործում։ Երկրաբաններ Հովհաննես Կարապետյանի և Տիգրան Ջրբաշյանի գործունեությունը ծավալվել է կիրառական երկրաբանության ասպարեզում։