Հայաստանը զարգացած միջնադարումՀայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումըԲագրատունյաց թագավորության հաստատումը

Բագրատունյաց թագավորության հաստատումը

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:

Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:

Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:

Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:

Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:

Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:

Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:

Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:

Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:

Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:

Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:

Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ