Անկախության վերականգնումից հետո ճարտարապետությունը կրկին բռնեց վերելքի ուղին: Սկսվեց միջնադարյան Հայաստանի առավել հայտնի վանական համալիրների կառուցումը:
Ճարտարապետության հետ մեկտեղ ծաղկեց քանդակագործությունը: Նորակառույցները հաճախ զարդարում էին շքեղ քանդակներով: Եկեղեցիների ճակատային մասում, սովորաբար, տեղադրում էին տաճարի պատվիրատու իշխանի քանդակը:
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր IX դ. սկսած:
Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին զարդարել շքեղ որմնանկարներով:
Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը, լուսանցքները և կարևոր հատվածները:
Բարձր զարգացման հասան նաև արվեստի այն ճյուղերը, որոնք բավարարում էին մարդկանց կենցաղային պահանջմունքները: Փայտի նրբաճաշակ փորագրման գլուխգործոց է Մշո Առաքելոց եկեղեցու դուռը:
Շարունակվում էր թատերական արվեստի զարգացումը: Թատերական ներկայացումները բազմաթիվ հանդիսատեսներ էին հավաքում: Սովորական էին լարախաղացությունը, մրցում-խաղերը, վարժեցված կենդանիներով ներկայացումները:
Զարգացման բարձր մակարդակի է հասնում երաժշտությունը: Առաջին հերթին ծաղկեց գուսանական երաժշտությունը: Նրանց երգն ու նվագը զարդարում էին ժողովրդական հանդեսները: