Բագրատունիների արքայատոհմի մի ճյուղն էլ թագավորություն հիմնեց Տաշիր-Ձորագետում կամ Լոռիում: Տաշիրի կառավարիչ նշանակված Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Սմբատ Բ թագավորից արքայական տիտղոս ստացավ և 982թ. հիմք դրեց Տաշիր-Ձորագետի թագավորությանը: Այն Գուրգենի տեղական Կյուրիկե անվան պատճառով ստացավ Կյուրիկյան թագավորություն անվանումը: Այս թագավորությունը ևս ճանաչում էր Բագրատունյաց իշխանությունը:
Տաշիր-Ձորագետի թագավորությունը առեվտրական սերտ կապեր է ունեցել Անիի, Դվինի, Տփղիսի (Թիֆլիս) և այլ քաղաքների հետ՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային տարանցիկ առևտրին:
Կյուրիկյանների թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի գահակալության շրջանում (989-1048): Նա մեծապես ընդարձակեց թագավորության տարածքը արևելքից՝ ի հաշիվ Ուտիքի և հյուսիսից՝ Տփղիսի ամիրայության: Թագավորության մայրաքաղաքն էր Լոռի բերդաքաղաքը, որի ավերակները պահպանվել են Ստեփանավան քաղաքի հարևանությամբ: