Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա: Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ:
Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր: Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները: Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր: Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները: Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար: Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները: Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին: Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր: Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին:
Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակին: Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր: Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի: Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից: Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից: Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից: Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները:
Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը: Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի: