Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:
Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:
Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերն ստիպված եղան բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:
Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը: