Տակավին միջնադարում ձևավորված Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայկական գաղութները նոր շրջանում վերելք ապրեցին։ Երկու քաղաքներն էլ առևտրի համար աշխարհագրական հարմար դիրք ունեին։
Հայ առևտրականները Կ.Պոլսում ունեին իրենց խանութները, պահեստանոցները, իջևանատները։ Նրանք կապող օղակ էին Արևելքի և Արևմուտքի շատ երկրների միջև կատարվող առևտրում։ Պոլսահայ բնակչության մի ստվար խավը զբաղվում էր արհեստագործությամբ։ Հայ վարպետների ձեռքերով են կառուցվել բազմաթիվ պալատներ, մզկիթներ։
Պոլսահայ ստվար գաղութը 18–19-րդ դդ. այնքան հզորացավ, որ դարձավ արևմտահայության տնտեսական և մշակութային կյանքի կենտրոնը։ Բավական է նշել, որ 19-րդ դարի երկրորդ կեսին Կ.Պոլսում կար 80 հայկական տպարան։ Այնտեղ լույս էին տեսնում տասնյակ պարբերականներ, մեծաքանակ գրքեր։ Կային բազմաթիվ դպրոցներ, թատերական, երաժշտական և այլ հաստատություններ։ Հայ բնակչության թիվը հասնում էր շուրջ 200 հազարի։
Զմյուռնիան կամ Իզմիրը գտնվում է էգեյան ծովի ափին։ Այնտեղի գաղութը փոքրաքանակ էր։ 19-րդ դ. սկզբին Զմյուռնիայում բնակվում էին 12 հազար, իսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 30 հազար հայեր։
Այստեղ ևս տնտեսության հիմնական ճյուղերն էին առևտուրն ու արհեստագործությունը։
Հայ վաճառականները եվրոպական երկրներ էին արտահանում բամբակ, մրգեր, ձիթապտուղ, ծխախոտ, մորթիներ։ Լավ սպառում ունեին հայկական գորգերը։ Բազմատեսակ մրգերի արտահանության մեջ առաջին տեղում էր թուզը։ Այդ ասպարեզի նշանավոր առևտրականներից էր Արամ Համբարձումյանը, որը ստացել էր «թուզի թագավոր» մականունը։
Արհեստագործությունը ժառանգական բնույթ էր կրում և փոխանցվում էր սերնդեսերունդ։ 19-րդ դ. երկրորդ կեսին Զմյուռնիայում գործում էին ոսկերչական 30, ժամագործների 12, դերձակների 20, կոշկակարների 16 և այլ արհեստանոցներ։
Զմյուռնիան ևս հայ մշակույթի նշանավոր կենտրոն էր։
1919-1922 թթ. Թուրքիայի կողմից կազմակերպված ջարդի ու արտագաղթի հետևանքով Զմյուռնիայում այլևս հայ բնակչություն չմնաց։ Գաղութը դադարեց գոյություն ունենալուց։