Հայերը Եգիպտոսում հաստատվել են միջին դարերում։ Միջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքներն աշխուժություն ապրեցին 18-րդ դարում։ Սակայն Եգիպտոսը, որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության ներքո, 19-րդ դար թևակոխեց թուլացած ու քայքայված։ Նույն վիճակում էին նաև հայկական գաղութները։ Շուտով ամբողջ երկրի հետ վերելքի ուղի են բռնում նաև հայ համայնքները։ Պետությունը հովանավորում էր այլազգիների տնտեսական գործունեությունը։ Սկսվում է հայերի գաղթը դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Կահիրե և Ալեքսանդրիա։
Այդուհանդերձ, Եգիպտոսի հայազգի բնակչության քանակը փոքր էր։ 19-րդ դարի առաջին կեսին այն հասնում էր 3 հազարի, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 15 հազարի։
Արհեստներից զատ հայերը կարևոր դեր էին կատարում արդյունաբերության մեջ։ 19-րդ դ. վերջերից Եգիպտոսում, գերազանցապես հայ և հույն մասնագետների նախաձեռնությամբ, զարգացավ ծխախոտագործությունը։ Եգիպտոսի ծխախոտի արտադրության կեսից ավելին բաժին էր ընկնում հայ ձեռնարկատերերին։
Եգիպտահայերը աչքի ընկան նաև երկրի քաղաքական կյանքում։ Մի շարք պետական բարձր պաշտոններ վարած Նուբար փաշայի անվան հետ են կապվում երկրի դատական բարեփոխումները։ Նրա որդի Պողոս Նուբարը գլխավորեց հայ ազգային պատվիրակությունը Փարիզում և եղավ «Հայ բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) հիմնադիրը (1906թ.)։
Կահիրեում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1828թ., իսկ Ալեքսանդրիայում` 1851 թվին։ 1917թ. հայկական դպրոցների թիվը հասավ 11-ի, որոնցում ուսանում էր շուրջ 1600 աշակերտ։ 19-րդ դարի կեսերից սկսած այնտեղ հրատարակվում էին պարբերականներ, հիմնվում տպարաններ։