Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների հարցի արդարացի լուծման հարցում։
Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տարածքային վեճերը լուծելու համար գործում էր համապատասխան հանձնաժողով Ս.Կիրովի նախագահությամբ և երեք հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունը լսեց արտգործժողկոմ Ա.Մռավյանի զեկուցումը «Ադրբեջանի և Վրաստանի հետ ներքին սահմանների հաստատման հարցի մասին»։ Զեկուցողի նախագահությամբ ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվելու էր համապատասխան փաստաթղթերի պատրաստումով։ Տարածքային տարաձայնությունների լուծումն ու կարգավորումը կենտրոնացավ Անդրկովկասի կուսակցական ղեկավար մարմին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյում։
Թիֆլիսում կայացած Ս. Կիրովի հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Ալ. Բեկզադյանը առաջարկեց հաշվի առնել Խորհրդային Հայաստանի ծանր դրությունը և տարածքային զիջումներ անել. Հայաստանին միացնել հայկական հոծ զանգվածներով բնակեցված շրջանները՝ Ախալքալաքը, Լոռին, Լեռնային Ղարաբաղը և այլն։ Վրաստանը և Ադրբեջանը դեմ արտահայտվեցին տարածքային փոփոխություններին։ Նրանց պաշտպանում էր հանձնաժողովի նախագահ Ս. Կիրովը։ Համաձայնություն չկայացավ նաև վրաց-ադրբեջանական վիճելի հարցերում։ Հայաստանի ներկայացուցչի առաջարկով հարցը փոխադրվեց ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրո։