Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսը եթե հերթական հարվածը հասցրեց Հայկական հարցին, ապա Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսները վերջնականապես տապալեցին այն։
Լոնդոնի կոնֆերանսը կայացավ 1921 թ. փետրվար-մարտ ամիսներին, մի կողմից՝ Գերմանիայի, Թուրքիայի և մյուս կողմից՝ Անտանտի ու դաշնակցային պետությունների միջև։ Ֆրանսիայի և Իտալիայի առաջարկությամբ քննարկման դրվեց նաև Սևրի պայմանագիրը վերանայելու հարցը։ Նրանք ելնում էին այն կնքելուց հետո միջազգային իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխություններից, որոնք խոսում էին հօգուտ Թուրքիայի և ի վնաս Հայաստանի։ Այսպես, Ֆրանսիան կոնֆերանսի օրերին Թուրքիայի հետ կնքել էր գաղտնի պայմանագիր։ Իսկ Անգլիան շարունակում էր իր երկերեսանի քաղաքականությունը։ Եվ, չնայած դրան, Լոնդոն ժամանած երկու հայկական պատվիրակությունները պահանջում էին Արևմտյան Հայաստանի նկատմամբ կենսագործել Սևրի պայմանագիրը, իսկ Կիլիկիայում ստեղծել «վարչական ինքնավարություն»։ Սևրի մերժումից հետո առաջ քաշվեց Թուրքիայի արևելյան նահանգներում հայկական «ազգային օջախ» ունենալու հարցը, որը նույնպես մերժվեց թուրքական պատվիրակության կողմից։
Այսպիսով, Լոնդոնի կոնֆերանսում միացյալ և անկախ հայկական պետություն ստեղծելու մասին Սևրի պայմանագիրը նենգափոխվեց «ազգային օջախի» մասին հայտարարությամբ, որը, սակայն, Թուրքիային ոչինչ չէր պարտավորեցնում։
1922–1923թթ. կայացած Լոզանի միջազգային կոնֆերանսը նվիրված էր Մերձավոր Արևելքի հարցի քննարկմանը։ Ընդունված փաստաթղթերից էր Թուրքիայի հետ դաշնակից երկրների հաշտության պայմանագիրը, որը ներկայացնում էր Թուրքիայի ժամանակակից սահմանները։ Այդ նշանակում էր, որ վերջ էր դրվում Սևրի պայմանագրին և արևմտյան տերությունների կողմից Հայկական հարցի ճանաչմանը։
Լոզանում խոսք էր գնում Թուրքիայի որևէ տարածքում հայերին կենտրոնացնելու, նրանց համար «ազգային օջախ» ստեղծելու մասին։ Լոզան էին եկել հայկական երկու պատվիրակություններ՝ ազգայինը (Գ. Նորատունկյան, Լ. Բաշալյան) և հանրապետականը (Ավ. Ահարոնյան, Ալ. Խատիսյան)։ Նրանք կոնֆերանսին ներկայացրին համատեղ առաջարկության (հուշագիր) երեք տարբերակ, որոնք նույնպես չընդունվեցին։
Այսպիսով Անգլիան, Ֆրանսիան, նաև Ռուսաստանը իրենց վարած քաղաքականությամբ տապալեցին Հայկական հարցը։ Լոզանի կոնֆերանսը դարձավ դրա գագաթնակետը։ Լոզանի պայմանագրում Հայաստանը և հայերն այլևս չէին հիշատակվում։ Հայկական հարցի փոխարեն առաջ քաշվեց հայ գաղթականների հարցը, այն հանձնելով Ազգերի լիգայի տնօրինությանը։