Քեմալական Թուրքիայի ջանքերով և մեծ տերությունների կողմից Հայկական հարցի տապալումից հետո գործնական նշանակություն ստացավ հայ գաղթականությանը տեղավորելու խնդիրը։ Թուրքիան խստորեն մերժեց իր երկրում (հայկական տարածքներում) «Հայկական ազգային օջախ» կազմակերպելու առաջարկները։ Ազգային օջախի ստեղծումը, ճիշտ է, Հայկական հարցի հետ նույնական չէր, այնուամենայնիվ կունենար դրական խոշոր նշանակություն։ Այն հայ գաղթականությանը թույլ կտար համահավաք մնալ բուն հայրենիքում և ունենալ հետագա պայքարի հեռանկար։
Շատ խոսվեց ցեղասպանության ենթարկված արևմտահայ ժողովրդի կենդանի մնացածներին օգնություն ցույց տալու, այս կամ այն երկրում նրանց հավաքելու անհրաժեշտության մասին։ Սակայն գործնականում ոչինչ չէր արվում օգնություն կազմակերպելու ուղղությամբ։ Տերությունների անտարբեր վերաբերմունքի քննադատությամբ հանդես եկավ մեծ մարդասեր, Ազգերի լիգայի ներկայացուցիչ, նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը իր «Խաբված ժողովուրդ» գրքով։
Թուրքիայի մերժումից հետո մատնանշվում էին ամենատարբեր երկրների անուններ՝ տեղավորելու համար ցեղասպանության վերապրողներին։ Իսկ Լոզանի կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի արտգործժողկոմ Գ. Չիչերինը հայտարարեց իր երկրում 250 հազար հայ գաղթականներ ընդունելու պատրաստակամության մասին, որը, սակայն, չիրականացվեց։
Հայ գաղթականության հարցի հրատապ լուծման միակ իրական ելքը Խորհրդային Հայաստանն էր, որը, սակայն, զուրկ էր համապատասխան նյութական հնարավորություններից։ Այնուամենայնիվ հանրապետության ղեկավարությունը չէր կարող անտարբեր մնալ հայ գաղթականների նկատմամբ։
1922թ. նոյեմբերին Անդրերկրկոմի բարտուղար Ալ. Մյասնիկյանը նամակով դիմեց Ռուսաստանի ղեկավարներ Վ. Լենինին, Ի. Ստալինին և Գ. Չիչերինին, որպեսզի կազմակերպվի 50 հազար հայերի հայրենադարձություն, նրանց տեղավորելով Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքներում։
1924թ. Անդրկենտգործկոմը որոշում կայացրեց 10 հազար հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին։ 1925թ. ՀԿ(բ)Կ Կենտկոմը հայրենադարձության առաջադրանքը հասցրեց 25 հազարի, հույս ունենալով նրանց զգալի մասին բնակեցնել Հյուսիսային Կովկասում։ Հայաստանում ընտրվել էր Սարդարապատի դաշտը, որը նախապես պետք է դառնար ոռոգելի՝ ջրանցք անցկացնելու միջոցով։ Սկսվեցին որոնումները ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ։ Այդ նպատակով 1925թ. Հայաստան ժամանեց Ֆ.Նանսենի ղեկավարած Ազգերի լիգայի հանձնախումբը, որը պետք է ուսումնասիրեր Սարդարապատի դաշտի ոռոգման հնարավորությունները։ Հանձնախմբի գալը կապված էր նաև Ազգերի լիգայի 1923թ. որոշման հետ, ըստ որի պետք է ուսումնասիրվեր Հայաստանում 50 հազար գաղթականներ տեղավորելու հնարավորությունը։ Սակայն այս ծրագրի իրականացման միջոցներ գտնելու որոնումները ևս ապարդյուն անցան։ Ինչպես Հայկական հարցի, այնպես էլ հայրենադարձության դեպքում արևմտյան տերությունների համար անցանկալի էր քայլ կատարելը, որովհետև հարցն առնչվում էր խորհրդային իշխանության հետ։ Այսինքն՝ առաջնայինը հարցի քաղաքական կողմն էր։ Այս ամենից հետո էր, որ Ֆ. Նանսենը տպագրեց իր վերոհիշյալ մերկացնող գիրքը (1927թ.)։