Ցեղասպանության վերապրողների վիճակն օրհասական էր հատկապես Միջագետքում, Թուրքիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում և այլ երկրներում։ Միջագետքում 14 հազար վասպուրականցի գաղթականներ զրկվել էին աշխատանքի ու ապրուստի միջոցներից, որ մի քանի տարի իրականացրել էին անգլիական իշխանությունները։ Նրանք բախում էին Խորհրդային Հայաստանի դռները՝ կազմակերպելու շուտափույթ օգնություն։ Թուրքիայից 1,5 միլիոն հույների Հունաստան արտաքսելը այստեղ միանգամից ծանրացրեց հայ գաղթականների առանց այն էլ անմխիթար դրությունը։ Իսկ Թուրքիայի մայրաքաղաքից հազարավոր հայեր 1922թ. վերջին արտագաղթեցին Սիրիա և այլուր։
Խորհրդային Հայաստան առաջին հայրենադարձվողները եղան վասպուրականցիները (շուրջ 9000 մարդ) 1921–1922թթ.։ 1923թ. հայրենադարձություն տեղի ունեցավ Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից, 1924թ.՝ նույն երկրներից, ինչպես նաև Սիրիայից, Ֆրանսիայից։
Հայաստանի կառավարությունը 1926թ. որոշեց դադարեցնել զանգվածային ներգաղթը՝ նկատի ունենալով ներգաղթածների տեղավորման դժվարությունները, ինչպես նաև տեղի ունեցած Շիրակի երկրաշարժը։
Հայրենադարձության գործընթացում որոշ բեկում կատարվեց 1930-ական թվականների սկզբին։ 1931թ. նախատեսվեց կազմակերպել նոր զանգվածային ներգաղթ։ Այդ կապակցությամբ արտասահման մեկնեց կառավարության նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Գալուստ Կյուլպենկյանի հետ՝ ակնկալելով միության օժանդակությունը։
Ի կատարումն 1931թ. հիշված որոշման՝ 1932–1933թթ. Հայաստանն ընդունեց շուրջ 8000 հայրենադարձ՝ Հունաստանից, Սիրիայից և այլ երկրներից։ Հայրենադարձության հաջորդ, ընդ որում վերջին՝ մինչև 1946թ., ձեռնարկն իրականացվեց 1936թ.։ Ֆրանսիայից ժամանեցին 1800 հայրենադարձներ, որոնց հետ Երևան փոխադրվեց երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) աճյունը և հողին հանձնվեց նրա անունը կրող քաղաքային այգում (պանթեոնում)։
1920–1930-ական թվականներին Խորհրդային Հայաստան վերադարձավ շուրջ 42 հազար մարդ։ Շատ ավելին էր հայրենադարձվել ցանկացողների թիվը։ Սակայն Խորհըրդային Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ էին։
Երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումների պայմաններում 1937թ. դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Վերացվեց ՀԽՍՀ կառավարությանը կից ներգաղթի կոմիտեն, ապա նաև այդ խնդիրներով զբաղվող Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։