Հայաստանի խորհրդային իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունն աշխարհիկ դարձնելը։ Խորհրդային դպրոցի խնդիրը դարձավ կոմունիստական գաղափարների ոգով մատաղ սերնդի դաստիարակումը։
1921թ. որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց, ելնելով կրթության առաջին հաջողություններից, անցնել եռաստիճան՝ տարրական, յոթամյա և միջնակարգ դպրոցին։ Տարրական դպրոցը գերակշռում էր գյուղական վայրերում։
1920-1930-ական թվականներին ստեղծվեց հանրակրթական դպրոցների լայն ցանց։ 1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց (326517 աշակերտներով և 11217 ուսուցիչներով)։ Առաջին հնգամյակի վերջում իրականացվել էր պարտադիր տարրական կրթությունը։ Սկսվեց անցումը յոթամյա կրթության։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։ Ուսուցչական կադրերի աճը հիմնականում տեղի էր ունեցել նոր կադրերի պատրաստման միջոցով։
Դպրոցական դասագրքերի մեծ մասը թարգմանական էր (ռուսերենից), քանի որ առարկաներն ընդհանուր էին ամբողջ ԽՍՀՄ-ի համար, բացի հայոց լեզվի, գրականության և այլ առարկաներից։
Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերնդի անգրագիտության վերացման գործում։