Խորհրդային իշխանության հաստատումով նոր փուլ էր սկսվում դարավոր հայ մշակույթի զարգացման համար։ Այն դարձավ պետության քաղաքականության կարևոր բնագավառներից մեկը։ Խորհրդային իշխանությունը և Կոմունիստական կուսակցությունը մշակույթը դիտում էին որպես նոր հասարակարգի ստեղծման կարևոր պայմաններից մեկը։ Մեծ նշանակություն էր տրվում խորհրդային մարդկանց սոցիալիստական գաղափարներով դաստիարակելու գործին։
Մշակույթի բնագավառում ևս Հայաստանի իշխանությունները հետևում էին Խորհրդային Ռուսաստանի փորձին ու օրինակին, երբեմն անտեսելով տեղական առանձնահատկությունները։ Հետևաբար սկզբնապես որոշ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերվել հայ մշակութային ժառանգության հանդեպ, որը շուտով հաղթահարվեց։
Մշակութային գործի կազմակերպման առաջին միջոցառումներից էին դպրոցի և կրթության անջատումը եկեղեցուց։ Եվ ապա մշակութային հաստատությունների (դպրոց, թանգարան, գրադարան, տպարան և այլն) ազգայնացումը։ Հայերենը որպես պետական լեզու ճանաչելու մասին դեկրետի ընդունումը թույլ էր տալիս մշակույթի զարգացումը կազմակերպել ազգային սկզբունքով։ Սակայն ԽԱՀՄ-ի պայմաններում այդ սկզբունքը կենսագործվում էր ոչ հետևողականորեն։
Պետության մշակութային քաղաքականության բնորոշ կողմը նրա դասակարգային-կուսակցական ուղղվածությունն էր։