Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից, չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ Անգրագիտության վերացումը նպատակ ուներ հանրապետության աշխատավորական լայն խավերին հնարավորություն տալ, որպեսզի նրանք գործուն մասնակցություն ունենան երկրի քաղաքական ու մշակութային կյանքին։ Անգրագիտության վերացման մասին որոշումը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է 1921թ. սեպտեմբերին։ Ստեղծվեցին «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը և նրա տեղական լայն ցանցը։
Առաջին հնգամյակում հնարավոր չեղավ ամբողջությամբ հաղթահարել անգրագիտությունը, ուստի գործի ընթացքն արագացվեց։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ կապված ուշադրությունը մեծացավ գյուղի նկատմամբ։ Ի վերջո 1939թ. մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը 1897թ. 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։