Վերելք էր ապրում երաժշտական կյանքը։ Ստեղծվեց առաջին սիմֆոնիկ նվագախումբը, կազմակերպվեց պետական ֆիլհարմոնիան, բացվեց օպերայի և բալետի պետական թատրոնը։ Ավելի վաղ ստեղծվել էր Երևանի կոնսերվատորիան։ Երաժշտական արվեստի զարգացման գործում մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի վաստակը։ Ալ. Սպենդիարյանի ստեղծագործություններից հիշատակության արժանի են «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ գործը և «Ալմաստ» օպերան (ըստ Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)։ Այս օպերայով 1933թ. բացվել է Երևանի օպերային թատրոնը։ Ալ. Սպենդիարյանը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է։ Նշանավոր է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Հայ երաժշտության զարգացման գործում մեծ է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի վաստակը, որի ստեղծագործությունը սկիզբ է առել 1930-ական թվականներին։ Նա ընդլայնեց երաժշտության ժանրային սահմանները, ստեղծելով ազգային առաջին սիմֆոնիան, առաջին բալետը («Երջանկություն», հետո վերանվանվեց «Գայանե»), առաջին գործիքային կոնցերտները։
Հայ երաժշտության կատարողական արվեստի, նրա ժողովրդականացման մեջ մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի դերը։
1938թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը։