1920-30-ական թվականները նշանավորվեցին քաղաքաշինության զարգացման արագ ընթացքով։ Հայ ճարտարապետությունը պետք է զարգանար ոչ միայն ազգային դարավոր ճարտարապետության հարուստ ավանդույթների, այլև համաշխարհային ճարտարապետության նվաճումների հիման վրա։
Հանրապետությունում սկսված լայնածավալ շինարարության խնդիրների լուծումը վիճակվեց ճարտարապետների ավագ սերնդին, որի նահապետն է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Նա դարձավ հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։ Նրա ղեկավարությամբ մշակվեց մայրաքաղաք Երևանի կառուցապատման գլխավոր հատակագիծը։ Թամանյանի ստեղծագործության արգասիք են կառավարության տունը, օպերայի և բալետի թատրոնը, հանրային (ազգային) գրադարանը, բուհական մի շարք շենքեր։ Այս կառույցների բնորոշ արժանիքներն են դրանց վեհությունն ու գեղեցիկ ճարտարապետությունը, նուրբ համաչափությունները։ Դրանք հիրավի ճարտարապետական գլուխգործոցներ են։
Այսպիսով, 1920-30-ական թվականներին, չնայած պատմական ոչ տևական ժամանակաշրջանին, խորհրդահայ մշակույթն ունեցավ մեծ նվաճումներ։