1922թ. կազմակերպվեց հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց Գ.Սունդուկյանի անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման մեջ մեծ է դերուսույց Լևոն Քալանթարի ծառայությունը։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը մարմնավորեցին հանդիսականի մոտ երկար հիշվող կերպարներ։ Թատրոնի խաղացանկում մնայուն պիեսներ էին հայ դրամատուրգիայից «Պատվի համար»–ը, «Նամուս»–ը, «Չար ոգի»–ն, «Պեպո»–ն, օտար հեղինակներից՝ «Օթելլո»–ն, «Լիր արքա»–ն և այլ գործեր։
Առանձնանում է հայ բեմի ականավոր վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում։ Հանրահայտ է նրա խաղացած Օթելլոն։ Հրաչյա Ներսիսյանի խաղն աչքի էր ընկնում հուզական մեծ ուժով։
1920-30-ական թվականներին դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության որոշ շրջկենտրոններում։ Երևանում գործում էին պատանի հանդիսատեսի և ռուսական դրամատիկական թատրոնները։ Շրջիկ թատերախումբ գոյություն ուներ Ամո Խարազյանի ղեկավարությամբ։
Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացան բեղմնավոր գործունեությամբ։
1920-ական թվականները նշանավորեցին հայկական կինոարվեստի ծնունդը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Առաջին հնչյունային կինոնկարը «Պեպո»–ն էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես այն ժամանակի լավագույն նկար։ Հայ կինոարվեստի ստեղծման ու զարգացման գործում մեծ է կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։