Հայաստանը հին շրջանումՀոգևոր մշակույթըԱռասպելներ

Առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները, որոնց դուք արդեն մասամբ ծանոթ եք նախորդ դասերից: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն գրքերից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով, շատ քիչ դեպքերում՝ բառացի: Առասպելները, զրույցները և հին վեպերը արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր և կարևորագույն սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի այդ հնագույն պատմաշրջանի ուսումնասիրության համար:

Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է մեր երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հանդիսացել է հայերի անվանադիր նախնին: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով:

Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները: Արամը ևս ընդհարվել է հարևան և հեռու այն երկրների հետ որոնք ցանկացել են գրավել Հայաստանը: Նա բազում հաղթանակներ է տարել և ընկճել շատ ժողովուրդների, որոնք Արամի անունով մեր երկիրը անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին էլ՝ արմեններ:

Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի սերունդ Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան սուրացող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով նրա գեղեցկության մասին՝ Ասորեստանի պատերազմասեր և վավաշոտ թագուհի Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա, և Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ:

Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ըմբոստ և ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու նրա անկոտրում կամքը, միևնույն ժամանակ նրա խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ