Անցումը հին դիցաբանից նորին տեղի է ունեցել Ք.ա. V-IV դարերի սահմանագծում: Նոր աստվածները հին դիցարանում մինչ այդ զբաղեցնում էին երկրորդական տեղ, այժմ նրանք սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը:
Որպես գերագույն աստված Հայկին փոխարինում է Արամազդը: Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքի արարիչը, որը բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց: Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ, որոնցից գլխավորը Եփրատի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր: Ի դեպ, այստեղ էր գտնվում հայոց թագավորների դամբարանը:
Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր: Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին: Անահիտն անվանվել է նաև Ոսկեհատ, Ոսկեմայր, քանզի միակն էր, որին նվիրված արձանը ոսկեձույլ էր: Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում: Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհի: Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին: Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը, որը Արեգակի և կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը: Տիր աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը: Վանատուրը հյուրընկալության աստվածն էր:
Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը: Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին: Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ: Այսպես՝ Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլոնի հետ և այլն: Հայկական մեհյաններում դրվեցին հունական աստվածների արձանները: Սակայն հայ ժողովուրդը երբեք չմոռացավ իր ազգային աստվածությունները և շարունակեց նրանց պաշտել, իսկ հունական աստվածները շուտով մոռացվեցին: