Հայաստանը հին շրջանումՀոգևոր մշակույթըՀին հայկական վեպերը

Հին հայկական վեպերը

Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ ամուսնության դրվագը: Լեռնաբնակ ալանաց հրոսակախմբերը արշավել են Հայաստան: Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին: Ալանաց արքայադուստր Սաթենիկը, կանգնելով Կուր գետի հակառակ՝ բարձր ափին, երգելով դիմում է Արտաշեսին.

«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,

Ե՛կ, համաձայնվիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին

Եվ տուր այդ պատանուն:

Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները

Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն

Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,

Եվ երկու քաջ ազգերի միջև

Հավիտենական թշնամություն հաստատեն»:

Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը: Բայց ալանաց արքան մերժում է, ասելով՝

«Եվ ո՞րտեղից քաջ Արտաշեսը պիտի տա

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Քաջերի սերունդ այս կույսի՝

Ալանների օրիորդի համար»:

Զայրացած Արտաշեսը, հայկական սովորույթի համաձայն, որոշում է առևանգել Սաթենիկին.

«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,

Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը

Գցեց մեջքին ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

Արագորեն իր բանակը հասցնելով»:

Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք, որի ժամանակ

«Ոսկե անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության ժամանակ.

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության ժամանակ»:

Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում: Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով: Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում: Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.

«Երբ դու գնացիր,

Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,

Ես այս ավերակների վրա

Ո՞ւմ թագավորեմ»:

Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.

Թե դու (ձի) հեծնես որսի գնաս

Ազատն ի վեր, դեպ Մասիս

Քաջքերը քեզ բռնեն տանեն

Ազատն ի վեր, դեպ Մասիս,

Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

Արտաշեսի անեծքը կատարվում է: Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ:

Հին հայկական վիպական շարքում իր ուրույն տեղն ունի Մեծն Տիգրանի վեպը: Այստեղ գունեղ խոսքերով ներկայացվում են Տիգրան Մեծի անձը, գործերը, նրա հաղթանակները, նրա արդարադատ բնավորությունը: Հատկապես տպավորիչ է հայկական բանակի նկարագրությունը. «(Նրա ժամանակ) հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարս(ատիկն)երով կռվողները հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ