IX-XI դդ. ավատատիրական հարաբերությունների խորացման հետևանքով գյուղացիների շահագործումն ուժեղացավ: Նրանց մի մասն ամրացվեց հողին, զրկվեց անձնական ազատությունից: Ծանրացավ հարկային բեռը: Սոցիալական պայքարը, որը հակաարաբական ազատագրական ապստամբությունների շրջանում մղվել էր երկրորդ պլան, կրկին աշխուժացավ: Նորանկախ Հայոց թագավորության իշխանությունները և եկեղեցին ստիպված էին երկարատև անդադրում պայքար մղել աղանդավորական նոր՝ թոնդրակյան շարժման դեմ:
Շարժման հիմնադիր Սմբատ Զարեհավանցին ծնվել էր Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա շատ էր ճանապարհորդել թե' Հայաստանում և թե՛ հարևան երկրներում, եղել էր անգամ պավլիկյանների կենտրոն Տևրիկում: Թերևս այստեղ էլ նա ծանոթացել էր պավլիկյանների ուսմունքին: Վերադառնալով երկիր, նա հաստատվում է Ապահունյաց գավառի Թոնդրակ գյուղում և սկսում իր քարոզը: Շատ շուտով նա մեծաթիվ հետևորդներ է ունենում և կազմակերպում է աղանդավորական առաջին համայնքը: Թոնդրակ գյուղի անունով շարժումն ստացավ թոնդրակյան անվանումը, իսկ մասնակիցները կոչվեցին թոնդրակեցիներ:
Սմբատ Զարեհավանցու գաղափարներն սկսեցին տարածվել երկրով մեկ, իսկ Թոնդրակը դարձավ շարժման գլխավոր կենտրոնը: Իշխանությունների և հոգևորականության հալածանքներից խուսափելու համար թոնդրակեցիները գործում էին ծայրաստիճան գաղտնիության պայմաններում: Բացահայտված թոնդրակեցիները ենթարկվում էին դաժան պատիժների՝ բանտարկության, խոշտանգումների և այլն: Նրանց դեմքին աղվեսադրոշմ էր դրվում, որպեսզի չկարողանային թաքնվել հասարակությունից:
X դ. սկզբին Սմբատ Ա թագավորի օրոք, երբ Հայաստանը ենթարկվեց Ատրպատականի ամիրայի ավերիչ արշավանքներին, գյուղացիական ելույթներ տեղի ունեցան Այրարատում և նրա շրջակա գավառներում: Շինականներն ու քաղաքային ռամիկները զինաթափում էին ազնվականներին, բռնագրավում նրանց և հարուստների ունեցվածքը, հարձակվում վանքերի վրա՝ սպառնալով մեծ ապստամբությամբ: Այդ նույն շրջանում ընդվզեցին Տաթևի վանքի շրջակա գյուղացիները, քանի որ նրանց հողերին ձգտում էր տիրանալ վանական միաբանությունը: Պայքարն այնքան սրվեց, որ 915թ. գյուղացիները հարձակվեցին վանքի վրա՝ ավերելով և ծեծի ենթարկելով ու սպանելով վանականներին: Վանքի առաջնորդը դիմեց Սյունյաց իշխանին, որի զինվորները գյուղացիներին արտաքսեցին վանքից, ավերեցին նրանց շեները և վանքին հանձնեցին վիճելի հողերը: