Հայաստանը զարգացած միջնադարումՀայաստանը և մոնղոլներըՄոնղոլների հայտնվելը Հայաստանում

Մոնղոլների հայտնվելը Հայաստանում

Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը: Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը:

Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության: Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից: Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը: Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին:

Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, անհիշելի ժամանակներից բնակվում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած ընդարձակ տափաստաններում: Քոչվորական այդ ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին: Գրավելով սահմանակից երկրները՝ նրանք ամենուրեք ավերածություն էին սփռում, կոտորում բնակչությանը: Պատմիչներն ահ ու սարսափով են հիշում մոնղոլների չարագործությունները:

1220թ. 20-հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ: Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը: Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան: Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ