Մոնղոլների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ 1236թ.: Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը: Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով: Մոնղոլական հորդաներն առաջ էին շարժվում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ:
Մոնղոլները լավ գիտեին, որ Հայաստանում կազմակերպված դիմադրության չեն հանդիպելու: Իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին: Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ: Հայ իշխանների մի մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները:
Քոչվոր մոնղոլներն առանձնակի ատելություն ունեին քաղաքների նկատմամբ, որովհետև քաղաքային բնակչությունը համառ դիմադրում էր նրանց: Իրենց ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո մոնղոլները պաշարեցին Անին: Քաղաք ուղարկված դեսպաններն անեցիներից պահանջեցին հանձնել քաղաքը: Մոնղոլների պահանջը մերժվեց, իսկ հասարակ քաղաքացիները՝ ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին: Կատաղած թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները: Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների: Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին: Անիի ճակատագրին արժանացան Դվինը, Կարսը և այլ քաղաքներ:
Մոնղոլական զորքերին ուղեկցող մեծ ու փոքր ցեղերը տիրացան լավագույն արոտավայրերին ու վարելահողերին: Նրանք հաստատվեցին Հայաստանում և ծանր կացության մեջ դրեցին տեղական բնակչությանը:
Մոնղոլները չբավարարվեցին միայն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների նվաճումով: 1242թ. նրանց զորաբանակը շարժվեց դեպի երկրի արևմտյան շրջաններ, որոնք այդ ժամանակ պատկանում էին Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը: Սահմանագլխին նրանք պաշարեցին Կարին քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը: Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը: Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը:
Մոնղոլները երկու տարում ավարտեցին Հայաստանի արևմտյան շրջանների նվաճումը և ձեռնամուխ եղան հարավի գրավմանը: Առանց դիմադրության հանդիպելու նրանք 1244թ. գրավեցին նաև Հարավային Հայաստանը: Ամբողջ Հայաստանը մտավ մոնղոլական հսկայածավալ տերության մեջ: