Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա:
Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:
Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:
XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալից հատվածներ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները:
Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին: