XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրեցին Լևոն Բ-ի հեղինակությունը:
Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արևմտյան Եվրոպան և, մասնավորապես, պապականությունը մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի և գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ Լևոնին թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:
Լևոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի և պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լևոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ: Այստեղ էին եկել նաև օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լևոն Ա-ի (Լևոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լևոն Ա արքա) հեղինակության աճի և հայոց պետության միջազգային ճանաչման մասին: