Լևոն Ա-ի թագավորության տարիներին Կիլիկիայի հայկական պետությունը մեծ վերելք ապրեց: Երբ մահացավ Անտիոքի դուքս Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի գահակալ: Սակայն նրա հորեղբայր Բոհեմունդը գրավեց Անտիոքը: Լևոնը, որ հայ-խաչակրաց պետություն ստեղծելու առիթ էր փնտրում, միջամտեց Անտիոքի ժառանգության համար մղվող պայքարին և պաշտպանեց իր ազգականի շահերը: Նա 1216թ. գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ: Սակայն 1219թ. Ռայմոնդ-Ռուբենն արտաքսվեց Անտիոքից, իսկ նրա գործունեությունից հիասթափված Լևոնը ոչ միայն չպաշտպանեց նրան, այլև զրկեց գահաժառանգության իրավունքից: Նա Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:
Լևոն Ա-ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն բերդի գրավումն էր: Նրա նախորդները փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: Նա 1202թ. Լամբրոնի տեր Հեթում իշխանին, իբր իր դստերը նրա տղային կնության տալու համար, հրավիրեց Տարսոն և բանտարկեց: Դրանից հետո Լևոնն անարյուն գրավեց բերդը և միացրեց արքունի տիրույթներին:
Լևոնի կարևոր քայլերից մեկը երկրի սահմանների անվտանգության ամրապնդումն էր: Սահմանների վրա գտնվող մի քանի բերդեր նա հանձնեց խաչակիրներին, որի դիմաց նրանք պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել: Լեռնանցքներում կառուցվեցին ամրություններ, որտեղ տեղակայվեցին կայազորներ:
Քանի որ Կիլիկիան գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում, Լևոնը մեծ ուշադրություն դարձրեց առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Կիլիկիան որպես պետություն ստորագրեց մի շարք ծովային պայմանագրեր: Կարգավորվեց երկրի դրամական շրջանառությունը: Լևոնն արտոնություններ շնորհեց Ջենովայի, Վենետիկի և մի շարք այլ քաղաքների վաճառականներին:
Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Լևոնի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ: Նա արքունիք էր հրավիրում և հովանավորում գիտության ու արվեստի ներկայացուցիչներին:
Լևոն Ա-ն մահացավ 1219թ. և իր հաջորդներին թողեց վերելք ապրող մի պետություն: