Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:
Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:
Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:
Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:
Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:
Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել: