Հայաստանը զարգացած միջնադարումՏնտեսությունըՔաղաքները: Քաղաքային կյանքը

Քաղաքները: Քաղաքային կյանքը

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը: Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես, 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ