Մոսկվան հայերին ծանոթ էր տակավին 14-րդ դարից։ Սակայն ռուսական մայրաքաղաքում հայկական համայնքը ձևավորվում է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Դրան մեծապես նպաստեց 1667թ. Նոր Ջուղայի առևտրական ընկերության Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Դրանով հնարավորություն էր ստեղծվում Վոլգայով մինչև Արխանգելսկ և ապա արտասահմանյան երկրների հետ առևտուր անել։ Մոսկվան դառնում է հայ վաճառականների, արհեստավորների, դիվանագիտական ծառայողների, արվեստագետների հանգրվան։
Այդ տարիներին Մոսկվայում հաստատվում է նկարիչ Բոգդան Սալթանովը։ Նա կարևոր դեր է կատարում ռուսական գեղանկարչության մեջ։ Ջուղայի վաճառական Խոջա Զաքարը Ալեքսեյ ցարին է նվիրում նշանավոր «Ալմաստե գահը», որն այժմ զարդարում է Կրեմլի Զինապալատը։
Հետագա դարերում շարունակվում է հայերի հոսքը Մոսկվա։ Բազմաթիվ հայ ընտանիքների շարքում Մոսկվա է տեղափոխվում նաև Լազարյանների գերդաստանը։ Նրանք Մոսկվայում, ապա Պետերբուրգում առևտրաարդյունաբերական լայն գործունեություն են ծավալում։ Լազարյաններն իրենց բարձր դիրքն օգտագործեցին և ավելի քան մեկ դար մեծապես նպաստեցին ռուսահայերի տնտեսական և մշակութային գործունեությանը։
Պետերբուրգի հիմնադրումից (1703թ.) մի քանի տարի անց հայերը հաստատվեցին այնտեղ։ Ռուսաստանի նոր մայրաքաղաք էին գալիս հայ վաճառականները։ Այստեղ են հաստատվում նաև Իսախանով եղբայրները։ Նրանք Պարսկաստանի հետ առևտուր անելու համար հիմնում են հատուկ ընկերություն։ Մետաքսագործական ֆաբրիկաներ են հիմնվում հայերի (Մանուիլով, Շիրվանով, Ախվերդով) կողմից։
Համայնքն այնքան է ստվարանում, որ 18-րդ դարի վերջերին կառուցում է հայկական երկու եկեղեցի։ 1781թ. Գր. Խալդարյանն այնտեղ հաստատեց Լոնդոնից տեղափոխած իր տպարանը։ Հետագայում տպարանը տեղափոխվեց Նոր Նախիջևան, ապա՝ Աստրախան և ունեցավ բեղուն գործունեություն։
Այս համայնքների ինքնավարությունը իրականացնում էր եկեղեցական խորհուրդը։