Հայկական այս գաղութի հիմնադրումը կապվում է ռուս-թուրքական պատերազմի (1787-1791 թթ.) հետ։ Պատերազմի ավարտից հետո Մոլդովայից և Բեսարաբիայից գաղթած 4000 հայերի տարածք հատկացվեց Դնեստր գետի ավազանում։ Նրանք հիմնեցին Գրիգորիոպոլ քաղաքը և երկու հայկական գյուղ։
1794թ. Եկատերինա II թագուհու հրամանագրով արտոնություններ շնորհվեցին նորաբնակներին։ Հայ համայնքն ստացավ ինքնավարություն, որն իրականացնում էր մագիստրատը։
Գրիգորիոպոլը շուտով հայտնի դարձավ որպես առևտրական կենտրոն։ Խոշոր վաճառականները ստեղծեցին 95 հոգուց բաղկացած ընկերություն։ Այն զբաղվում էր գերազանցապես արևելյան առևտրով։