Օգտվելով հայերին շնորհված արտոնություններից՝ 1735թ. նրանցից մի խումբ հաստատվում է նորակառույց Ղզլար ամրոցում։ Հայկական մեկ այլ զանգված 1763թ. բնակություն է հաստատում նոր հիմնադրված Մոզդոկ բերդ-ամրոցում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեցին Եկատերինոդարի (Կրասնոդարի), Մայկոպի, Ստավրոպոլի և այլ քաղաքների հայկական համայնքները։ 1839թ. չերքեզահայերը հիմնեցին Արմավիրի հայկական գաղութը։
Այդ հայկական համայնքները, մանավանդ Ղզլարը և Մոզդոկը, ստացան մեծ արտոնություններ։ Նրանց թույլատրվում էր ազգային սովորույթներով դատավարություն վարել, ազատ առևտուր անել։ Ղզլարը և Մոզդոկն ունեին իրենց ռաթհաուզը, որը զբաղվում էր համայնքի դատական և վարչատնտեսական գործերով։ Այն հայերի ինքնավարությունը փաստող մարմին էր։
Նորաբնակները սկսեցին մշակել բրինձ, բամբակ, քունջութ, խաղող և այլ կուլտուրաներ։ Նրանք լայն չափերով զբաղվում էին հատկապես խաղողագործությամբ։ Ղզլարի և Մոզդոկի հայերը թթենու մեծատարած այգիներ էին պահում մետաքս ստանալու համար։
Արդյունաբերական ճյուղերից զարգացած էր հատկապես գինու և օղու արտադրությունը, որը շատ մեծ ծավալ էր ընդունել։ 1823թ. հայերին պատկանող ձեռնարկություններում արտադրվել է 96 հազար դույլ օղի։
Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և արտաքին առևտրին։
Այդ գաղթավայրերը աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ սերտորեն կապված էին մայր հայրենիքի հետ։ Մշտական շփումները նպաստում էին հայ համայնքներում ազգային լեզվի ու սովորությունների պահպանմանը։
Երկրամասի հայ համայնքներում մշակույթը արտահայտվում էր գերազանցապես դպրոցական-կրթական և թատերաերաժշտական ասպարեզում։ 1912թ. Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում դպրոցների թիվը հասնում է 34-ի։ Նրանցում սովորում էր 2300 երեխա։ Այդ գաղթօջախները ունեին իրենց թատերական, երաժշտական խմբերը։