Արհեստագործության վերելքը մեծապես պայմանավորված էր ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճով: Քաղաքային բնակչությունը կարիք ուներ գյուղատնտեսական մթերքների, իսկ արհեստավորները գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ ունեին: Ճիշտ է, քաղաքներում ևս զբաղվում էին գյուղատնտեսությամբ, սակայն քաղաքային բնակչության՝ գյուղատնտեսական մթերքների ու հումքի օրավուր աճող պահանջմունքները հիմնականում բավարարում էին գյուղացիները: Նրանք շուկա էին դուրս բերում իրենց արտադրած մթերքներն ու գյուղատնտեսական հումքը՝ գնելով անհրաժեշտ գործիքներ, կենցաղային իրեր և այլ ապրանքներ: Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները, որտեղ վաճառվում էին բնակչությունից և իրենց կալվածքներից ստացված մթերքները:
Աստիճանաբար մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ կամ տոնավաճառներ: Բացի հաճախակի գործող տոնավաճառներից, տարվա մեջ մեկ անգամ, նախապես սահմանված օրերին, կազմակերպվում էին ամենամյա տոնավաճառներ: